ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պատասխանատու պաշտոնատար անձինք քաղաքացիական գործի շրջանակներում 2017-2018թթ. դատարան չեն ներկայացրել «Գնոմոն» ԲԲԸ-ի հետ «փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի» հիմք հանդիսացող պայմանագիրը, ինչպես նաև չեն շտկել Վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված թերությունները։ Դրա հետևանքով պետական բաժնեմասով ընկերությունը զրկվել է 1.092.593.543 ՀՀ դրամ դեբիտորական պարտքը ստանալու հնարավորությունից, և ծանրաբեռնվել շուրջ 56.000.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտավորությամբ:
Փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ։
Հիմնավորվել է, որ «Գնոմոն» ԲԲԸ տնօրեն Է. Գ.-ն նախնական համաձայնության է եկել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ տնօրեն Գ. Կ.-ի հետ, նյութապես շահագրգռելու եղանակով դրդել նրան ակնհայտ անցնելու օրենքով նախատեսված իր լիազորությունները:
Նա Է.Գ.-ի հետ կնքել է փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ-համաձայնագրեր, ինչով անհիմն երկարաձգվել է «Երևանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲ ընկերության պարտավորությունների վճարման ժամկետները։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ որոշումներ են կայացվել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ նախկին տնօրեն Գ. Կ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, «Երևանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲԸ տնօրեն Է. Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ տնօրեն Ա. Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրյալ ներգրավելու մասին։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություններ են ներկայացվել Է.Գ.-ի և Գ.Կ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք մերժվել են:
Է. Գ.-ի նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել գրավը 100.000.000 ՀՀ դրամի չափով: Իսկ Գ.Կ.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրություն:
Նախաքննությունը շարունակվում է: