Բրյուսելյան բանակցություններում խոսվել է Հայաստան-Ադրբեջան վստահության փոխմթնոլորտի ձևավորման մասին, կողմերը որոշակի պատրաստակամություն են հայտնել շարժվել առաջ այդ ուղղությամբ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը` անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանն ու դրա արդյունքներին։
Նրա խոսքով՝ դեռ վաղ է խոսել հստակությունների մասին։ Ըստ նրա՝ բայց, կարծես թե կա ընդհանուր ցանկություն գնալ առաջ բանակցությունների շրջանակներում։
Իշխանական պատգամավորի դիտարկմամբ՝ բանակցությունները մի կարևոր գրավական ունեն հաջողությամբ պսակվելու։ Այդ գրավականներից մեկը ճկունությունն է և այնպիսի իրավիճակ չստեղծելը, որը կարող է խոչընդոտել գործընթացին:
«Տվյալ պարագայում ներկայացվել են առաջարկներ, կոնտր առաջարկներ Հայաստանի կողմից ներկայացվել են, Մինսկի խումբը տեղեկացված է այդ ամենի վերաբերյալ։ Երբ խոսվում է փոխվստահության մթնոլորտի ձևավորման, անվտանգության որոշակի մթնոլորտ ձևավորելու մասին, սա նաև ենթադրում է որոշակի միջոցառումների ձեռնարկում, որոնք հետագայում հնարավորություն կտան խուսափելու որևէ տեսակի միջադեպից։ Միշտ չէ, որ դիվանագիտության մեջ պետք է փորձել պատասխանները տեքստերում գտնել, պետք է հաշվի առնել նաև տողերի արանքում գրվածը»,- նկատեց Վարդանյանը։
Իսկ հարցին, թե եռակողմ հանդիպման հայտարարություններում խոսք չկար Արցախի Հանրապետության կարգավիճակի մասին, Վարդանյանը պատասխանեց․ «Մեր բազում դիտարկումներում, հայտարարություններում, ըստ էության, ընդգծվել են Արցախի ժողովրդի իրավունքների հետ կապված հարցերը, ընդգծվել է, որ սա հարց է, որը պետք է կարգավորվի՝ ելնելով նրանից, որ մենք ունենք ժողովուրդ, և այդ ժողովուրդն ունի որոշակի իրավունքներ, և այդ իրավունքները պետք է իրագործվեն։ Տվյալ պարագայում խոսքը գՀայաստան-Ադրբեջան հարաբերությունների, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների, ըստ էության, կատարման, վստահության փոխմթնոլորտի ձևավորման մասին է»։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև ապրիլի վերջ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածություն է ձեռքվերվել։ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ԱԳ նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: