Կրեմլը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների՝ խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու որոշումը։ Ինչպես հաղորդում է TACC-ը, այսօր լրագրողների հետ զրւոյցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
«Հասկանալի է, որ այս գործընթացը շարունակական է, բայց նման փաստաթղթի հնարավոր կնքման շուրջ առաջխաղացումն ինքնին դրական և ողջունելի փաստ է»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև ապրիլի վերջ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Շառլ Միշելը նշել է Ալիևի և Փաշինյանի կողմից իրենց երկրների միջև խաղաղ համաձայնագրի շուրջ արագ առաջ շարժվելու ցանկությունը: Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ԱԳ նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: