Իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե աշխարհում շաքարի գինն իջնում է, իսկ Հայաստանում՝ ոչ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նրա խոսքով՝ մի քանի օր առաջ հրապարակել են տարբեր պարենային մթերքների գներ, որտեղ հստակ ցույց են տալիս, որ և՛ դոլարի գնի, և՛ աշխարհում ինքնարժեքի իջեցման պարագայում ապրանքների գները նվազել են։
Գեղամ Գևորգյան տեղեկացամբ՝ նվազել են կարագի և ձեթի գները։ Մինչդեռ թանկացել է հանդկաձավարը, որովհետև, ըստ պաշտոնյայի, աշխարհում պաշարի խնդիր կա, ինքնարժեքն է բարձրացել։
Խոսելով ձվի շուկայի մասին՝ Գևորգյանը նկատեց՝ եթե Սուրբ Զատկի տոնին ընդառաջ չարաշահումներ լինեն, կլինեն նաև պատասխանատվության ենթարկումներ։
«Մենք պարբերար զգուշացնում ենք, որ ընկերություններն այնպես անեն, որպեսզի գործը չհասնի վարույթների։ Մեզ հավաստիացրել են, որ խնդիր չի լինի։Մեզ մոտ ձվի գերարտադրություն է, դրա համար էլ գները նվազել էին։ Սակայն չենք կարող կանխագուշակումներ անել», – նշեց ՄՊՀ նախագահը։
Նա արձանագրեց՝ ուսումնասիրում են ալյուրի շուկան և նորմալ համարեց, որ խանութներում հացի գները տարբեր են։