Այսօր Հայաստանն ու Արցախը կանգնած են լրջագույն մարտահրավերների առջև։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա տեղեկացրեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցի ԱԺ նիստերին, մեկնում են Արցախ և ՀՀ սահմանամերձ համայնքներ։
«Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները՝ մեր տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը, անընդունելի ենք համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում»,- նշեց Օհանյանը:
Ըստ Սեյրան Օհանյանի՝ ՀՀ ներկայիս իշխանությունն անկարող է լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներ. վերջին զարգացումները հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանա-թուրքական օրակարգով:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը Արցախի դրոշը տեղադրեց ԱԺ ամբիոնին։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ իր հերթին հայտնեց, որ իրենք նույնպես չեն մասնակցելու նիստերին և մեկնում են Արցախ: Մամիջանյանի հայտարարությունից հետո խորհրդարանական ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը։