Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ը։
«Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի վերջին իրադարձությունները՝ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ և մասնակցությամբ Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համատեքստում։ Քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերը, ներառյալ առաջիկա խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը, համատեղ սահմանային հանձնաժողովի ստեղծումը, ինչպես նաև հումանիտար հարցերը»,- նշվել է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև ապրիլի վերջ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Շառլ Միշելը նշել է Ալիևի և Փաշինյանի կողմից իրենց երկրների միջև խաղաղ համաձայնագրի շուրջ արագ առաջ շարժվելու ցանկությունը: Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ԱԳ նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: