Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ երրորդ նախագահի հեռահար բանավեճը շարունակվում է։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից հետո հայտարարություն է տարածել՝ հրապարակելով նաև փաստաթղթի լուսանկար։
«ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցող կողմերին 2016թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների փաստաթղթի առաջին երեք պարբերությունն է:
Արդյո՞ք այս առաջարկությունները նման են փուլային տարբերակին:
Հարցն ուղղված է սևով սպիտակի վրա հստակ և միանշանակ գրվածը (ընդգծումները մերն են) ընթերցող և ընկալող մարդկանց, ոչ թե այս ամենին քաջատեղյակ, բայց ԼՂ բանակցային գործընթացը միտումնավոր նենգափոխող, բանակցությունները ձախողածներին: Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եզրափակիչ ելույթ է ունեցել ԱԺ-ում։ Նա անդրադարձել է երեկ իր հայտարարություններից հետո հնչած արձագանքներին։ Նշենք, որ Փաշինյանը հայտարարել է նաև, որ եթե Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեին, Ղարաբաղը հանձնած կլինեին։
Կից տեսանյութում այսօրվա ելույթն է։
Կից նաև ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի հրապարակած լուսանկարն է։
Հիշեցնենք նաև, որ երեկ խորհրդարանում ներկայացնելով կառավարության գործունեության հաշվետվությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր պետք է կնքվի որքան հնարավոր է շուտ։ Նա նաև նշեց, որ այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է, որ մի փոքր իջեցնենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը և դրանով ապահովենք ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա Հայաստանի և Արցախի շուրջ։ Վարչապետը նաև ուշադրություն հրավիրեց մի կարևոր նրբերանգի վրա, ըստ նրա, եթե նախկինում հիմք էինք ընդունում ԼՂ կարգավիճակը, և կարգավիճակից բխում էին անվտանգության և իրավունքների երաշխիքները, ապա այժմ հիմք ենք ընդունում անվտանգության երաշխիքները և իրավունքները, որոնցից պետք է բխեցնենք կարգավիճակը։ Նա հավելեց, որ դրանով Երևանը հայտարարում է, որ այս իրավիճակում կարգավիճակը նպատակ չէ, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները։