Մարզիկների ֆինանսավորում չստանալու վերաբերյալ դժգոհությունները հիմնավոր չեն։ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նման պնդում արեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով որոշ մարզիկների բարձրացրած այն խնդիրներին, որոնք վերաբերում են մրցաշարերի ժամանակ պատշաճ հագուստ և անհրաժեշտ պարագաներ չունենալուն։
«Մրցաշարի վերջնական հաստատումը մենք ստացանք նոյեմբեր ամսին, ժամանակը շատ քիչ էր։ Մեզ մոտ ժամանել էին ֆեդերացիայի միջազգային ներկայացուցիչներ, կային տարբեր կազմակերպչական հարցեր, և մրցույթի պատշաճ անցկացումը չվտանգելու համար՝ հաշվի առնելով գին, որակ, ներկայանալիություն և փորձ, 6 ընկերությունների հետ, որոնք փորձառություն ունեն, քննարկումներ են եղել, ներկայացրել են իրենց առաջարկները, և միջգերատեսչական հանձնաժողովը որոշել է, թե որ ընկերությանը տրամադրի։ Զուտ ժամկետային խնդրի հետ էր կապված՝ նոյեմբերից մինչև մայիս շատ կարճ ժամանակ է, կարող է չհասցնեինք»,- պարզաբանել է Դումանյանը։
Հիշեցենք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբը և մարզիկները դժգոհում են, որ ամիսներ շարունակ գումարներ չեն ստանում:
Նրանք դժգոհել են, որ 4 ամսում երկու միջազգային մրցաշարի են մասնակցել, բայց չունեն վիտամիններ, չունեն սպորտային հագուստներ, տարբեր հագուստներով են մասնակցել։
Նշենք՝ ԿԳՄՍՆ հիշյալ հարցի հետ կապված պարզաբանել էր, որ 2021 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացված տարբեր ծրագրերի արդյունքում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր և Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արսեն Հարությունյանը ստացել է 14 մլն 851 հազար դրամ:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանի պարագայում այդ գումարը 2021 թվականի կտրվածքով կազմել է 14 մլն 475 հազար դրամ: Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը ստացել է 8 մլն 214 հազար դրամ: Վազգեն Թևանյանը ստացել է 5 մլն 558 հազար դրամ, իսկ Սլավիկ Գալստյանը ստացել է ավելի քան 5 մլն դրամ:
2022 թվականի առաջին եռամսյակում Արսեն Հարությունյանն արդեն իսկ ստացել է ավելի քան 1 մլն դրամ, Սլավիկ Գալստյանը՝ 720 հազար, իսկ Վազգեն Թևանյանը՝ 540 հազար դրամ:
Ինչ վերաբերում է ըմբիշների բարձրաձայնած մյուս՝ վնասվածքների բուժման խնդրին, ապա նախարարությունից նշել են, որ մարզիկների բուժզննման և վնասվածքների բուժման ապահովմամբ զբաղվում է «Սպորտային բժշկության կենտրոնը», որը 2021 թվականից գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության ներքո: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային 12 մլն դրամ է հատկացվել՝ դեղորայքի, հավելումների և վիտամինների ձեռքբերման համար:
ԿԳՄՍՆ-ից հավելել են նաև, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի՝ 2022 թվականի ֆինանսավորումը 338 մլն 320 հազար դրամ է կազմում: ԿԳՄՍ նախարարությունն այս գումարը հատկացնում է տարվա ընթացքում ներքին մրցումների կազմակերպման, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի առաջնություններին պատշաճ նախապատրաստության և մասնակցության համար: