Հունաստանն այլևս չի պատրաստվում Ուկրաինային ռազմական տեխնիկա ուղարկել։ Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հաստատել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իոաննիս Իկոնոմին։
Կառավարության ներկայացուցչին հարցրել են, թե արդյոք կառավարությունը ծրագրում է Ուկրաինա լրացուցիչ ռազմական տեխնիկա ուղարկել։
«Այդ ուղղությամբ որևէ նոր բան չկա», – ասել է Իկոնոմին։
Նա նշել է, որ պաշտպանական տեխնիկան, որը Աթենքն ավելի վաղ ուղարկել էր Ուկրաինային, չի թուլացնում Հունաստանի պաշտպանունակությունը: Ճշտող հարցին, թե Հունաստանն Ուկրաինա է ուղարկել «Ստինգեր» ԶՀՀ-ն, որը վերցվել է հունական բանակի գործող մասերից, Իկոնոմին ասել է. «…հայտնի է, թե հումանիտար օգնության հետ միասին ինչ պաշտպանական միջոցներ են ուղարկվել Ուկրաինա։ Այն, ինչ ուղարկվել է, չի թուլացնում մեր երկրի պահանջներն ու պաշտպանունակությունը»։
Փետրվարի վերջին Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Հունաստանը C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով հումանիտար օգնություն և ռազմական հանդերձանք է ուղարկել Լեհաստան՝ Ուկրաինայի համար: