Արցախի անկախությունը չի կարող սակարկության առարկա լինել։ Այս մասին այսօր Զատկի տոնի կապակցությամբ մատուցված պատարագի ժամանակ հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն:
Նրա ելույթից մի հատված հրապարակվել է կաթողիկոսարանի Facebook-յան էջում։ Արամ Ա-ն նշել է, որ ցավով և անհանգստությամբ է հետևում Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձություններին՝ ընդգծելով, որ չի կարող անտարբերությամբ վերաբերվել կատարվածին։
«Մենք Արցախի ժողովրդին ասում ենք՝ մենք ձեզ հետ ենք։ Ժողովրդի խաղաղությունը չի կարող սակարկության առարկա լինել»,- ասել է կաթողիկոսը։
Նա ընդգծել է, որ Արցախի ժողովուրդը հաստատել և ամրապնդել է իր անկախությունը այն հողի վրա, որտեղ ապրել և արարել է դարեր շարունակ:
Արամ Ա-ի խոսքով՝ ինքն ակնկալում է, որ Հայաստանի և Արցախի ղեկավարությունն ու ժողովուրդը կկարողանան հաստատել իրենց հավաքական կամքը։