Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքի նախագիծ: Պատգամավորը հայտնում է, որ նախագծով քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը սահմանվում է 21 տարեկանը:
Նախագծով առաջարկվում է չեղարկել զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը, չեղարկել ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը:
Առաջարկվում է սահմանել զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը, չեղարկել փամփուշտների քանակի սահմանափակումը, հստակեցնել զենքի տեսակները, սահմանել հրաձգարանների չափանիշները:
Նախագծով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) թույլտվության ժամկետն առաջարկվում է սահմանվել 10 տարի՝ 5 տարվա փոխարեն։
Զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվելու է 5 տարի՝ նախկին 3 տարվա փոխարեն:
Նախագծով թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ 5 միավորի փոխարեն։
Զենքի հավաքածուներ կազմելու թույլտվությունը դառնում է անժամկետ։
Նախագիծը ուժի մեջ կմտնի ընդունվելուց հետո 3 ամիս անց։