Տարածաշրջանում իրավիճակն ավելի կբարդանա ԵԱՀԿ Մինսկի խմբի կոլապսի և Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի փորձերի հետ կապված՝ ի հակակշիռ ռուսական ջանքերին։
Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը։
Նա մեկնաբանել է ՀՀ վարչապետի Մոսկվա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Այդ պայմանավորվածությունների էությունը մենք կիմանանք առաջիկայում, երբ հասկանանք, արդյո՞ք պարոն Փաշինյանը ցանկալին իրականության տեղ չի ընդունում, հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելությունը նախկինի պես կատարում է իր դերը, չնայած կտրուկ ուժեղացած մարտահրավերներին, այդ թվում նաև ադրբեջանական կազմավորումների կողմից Լեռնային Ղարաբաղի տարածք մտնելու փորձերին»,-ասել է փորձագետը:
Արեշևի խոսքով՝ ռուս փորձագետները նշում են, որ Երևանը ձգտում է մի փոքր հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումից և դա տեղափոխել Ռուսաստանի Դաշնության վրա:
«Տվյալ դեպքում, ինձ թվում է, կարևոր է ոչ թե շահարկել այդ հարցը, այլ փորձել գործել այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք արդեն հայտարարվել են՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման ուղղությամբ», – ասել է նա։ Փորձագետը կարծիք է հայտնել, որ իրավիճակն այժմ ավելի կբարդանա ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստացի կոլապսի և Հարավային Կովկասում ամերիկյան ու եվրոպական դիվանագիտության փորձերի հետ կապված՝ ի հակակշիռ ռուսական ջանքերի և ՌԴ-ի կողմից լրացուցիչ խնդիրներ ստեղծելու փորձերի հետ կապված: Արեշևն ընդգծել է, որ այստեղ կարևոր է վստահության պահպանումը և կողմերի գործողությունների կանխատեսելիությունը:
«Մենք չենք կարող հստակ դատել, թե կոնկրետ ինչի մասին է խոսվել Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև բավական երկարատև բանակցությունների ընթացքում, Կրեմլի կայքում հայտնված մամլո հաղորդագրությունը և համատեղ հայտարարությունները խոսում են այն մասին, որ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, բայց հիմնական ուշադրությունը հատկացվել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության, տեղեկատվական, ինչպես նաև կենսաբանական անվտանգության հարցերին, ինչը, իմ կարծիքով, մի նոր իրողություն է և վկայում է այն կարևորության մասին, որ Մոսկվան տալիս էր Հայաստանի տարածքում Պենտագոնի կենսաբանական օբյեկտների գործունեությանը», – նշել է նա։
Նրա խոսքով, տարածաշրջանում իրավիճակը տուրբուլենտության, անորոշության և որոշ անկազմակերպվածության նշաններ ունի, քանի որ Եվրոպական միությունը և ԱՄՆ-ն փորձելու են ներքաշվել ինչպես ղարաբաղյան կարգավորման, այնպես էլ ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների օրակարգի մեջ:
Այդ կապակցությամբ Արեշևը ուշադրություն է հրավիրել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի այն հայտարարությանը, թե հայկական բանկերը միանում են հակառուսական պատժամիջոցներին: Մինչդեռ ստուգայցի ժամանակ պարզվել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, սակայն որոշ ռուսական ԶԼՄ-ներ այն վերցրել են հակառուսական պատժամիջոցներին Հայաստանի միանալու համար, ինչը իրականության խեղաթյուրում է, նշել է նա: «Մենք հասկանում ենք, որ տեղեկատվական առումով նման դիվերսիաները շարունակվելու են, նման հարցերին էլ հենց նվիրված է համատեղ հայտարարության առանձին կետը», – ընդգծել է Արեշևը:
Փորձագետը նշել է, որ համատեղ հայտարարության բազմաթիվ կետեր նվիրված են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությանը և դրա ակտիվացմանը: Դա կարևոր է և՛ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, և՛ հաշվի առնելով վառելիքաէներգետիկ ոլորտում հայ-ռուսական կապերը՝ կապված Հայաստան և Հայաստանից ՌԴ գյուղատնտեսական և սննդարդյունաբերության որոշ տեսակների մատակարարումների հետ, նշել է Արեշևը:
Արեշևը նշել է, որ բանակցությունների օրակարգում են եղել նաև հայկական բանակի անվտանգության և վերազինման հարցերը: «Այստեղ բավական շատ նրբություններ կան, հակասական տեղեկություններ։ Կարծում եմ, որ 2020 թվականի աշնան իրադարձություններից հետո հայկական ուժային կառույցների, մասնավորապես՝ զինված ուժերի գործունակության որոշակի նվազում կա, ինչը կարևորվում է դրանց նախապատրաստման և արդիականացման գործում Ռուսաստանի մասնակցությունը։ Չեմ կարծում, որ Հայաստանի արևմտյան գործընկերներն այստեղ կգնան լուրջ կամ համադրելի քայլերի», – հավելել է նա։
Փորձագետը կարծիք է հայտնել, որ Մոսկվային կարող էր հետաքրքրել հայ-թուրքական բանակցությունների հարցը և բեկումնային պայմանավորվածությունների հասնելու հնարավորությունը: Նրա խոսքով, առնվազն մինչև Թուրքիայի նախագահական ընտրությունները Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում որևէ էական բեկում պետք չէ ակնկալել:
«Իհարկե, Մոսկվայի համար դրանք նույնպես կարևոր են, քանի որ շոշափելու է տարածաշրջանում ընդհանուր կոնֆիգուրացիան և, հնարավոր է, ակտուալացնի բանակցային որոշ ձևաչափեր, ինչպիսիք են «3+3» – ը և, հնարավոր է, որոշ այլ ձևաչափեր», – ամփոփել է նա: