Ադրբեջանում հերթական անգամ պայմաններ են առաջադրել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար:
Եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա կարելի է հասնել նաև միջպետական հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նա նշել է, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ է նախաձեռնել տարածաշրջանում, և խաղաղ համաձայնագրի ստորագրման համար բանակցությունների սեղանի շուրջ նստելու առաջարկը եղել է Ադրբեջանից:
«Եթե Հայաստանը ճանաչի և ընդունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա մենք կարող ենք հասնել միջպետական հարաբերությունների կարգավորմանը։ Մենք պատրաստ ենք առաջիկայում ստեղծել աշխատանքային խումբ և սկսել փաստաթղթի շուրջ բանակցությունները։ Դա կարող է մեծապես փոխել տարածաշրջանի անվտանգության մթնոլորտը և կայուն խաղաղության ու կայունության հիմք դառնալ»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Հավելենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ՀՀ-ի հետ կոնկրետ բանակցություններ սկսելու և ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության կաթվածահար լինելու մասին է հայտարարել։