Ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներ ու առանձին անհատներ հերթական անհարկի շահարկումներն են սկսել վարչապետի անձի շուրջ՝ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի դեպքը անմիջական կապելով վարչապետի անձի հետ։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Ի գիտություն բոլորին՝ վարչապետ Փաշինյանը մեքենա չի վարում, ու չի եղել որևէ մեքենայի ղեկին, դրա մասին խոսելն անգամ անհեթեթ է։ Ինչպես ՀՀ ոստիկանությունը հայտնեց, նախնական տվյալներով քաղաքացուն վրաերթի է ենթարկել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի մեքենան, հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ցավում եմ տեղի ունեցած միջադեպի հետ կապված»,-նշել է Չախոյանը։
Հիշեցնենք, քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։
Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։