Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Գլխավոր դատախազի 2021թ. տարեկան գործունեության հաղորդումը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հարցեր ուղղեց գլխավոր դատախազին և հետաքրքրվեց Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի հետ կապված գործերի վերաբերյալ:
Մարտի 1-ի գործի վերաբերյալ գլխավոր դատախազը պատասխանեց, որ Վճռաբեկ դատարանը վերջերս վարույթ է ընդունել իր կողմից բերված վճռաբեկ բողոքը, որը վերաբերում էր առաջին ատյանի դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշմանը։
«Այն հանրային հետաքրքրություն ունի 2 ուղղությամբ: Մեկը դատարանում գտնվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական գործն է, մյուսը՝ նախաքննության փուլում գտնվող քրեական գործի այլ հանգամանքների, այդ թվում՝ սպանությունների բացահայտումը»,- մանրամասնեց գլխավոր դատախազը։
Իսկ Հոկտեմբերի 27-ի գործի բերաբերյալ էլ Դավթյանը հայտնեց․ «Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ մենք հրապարակային հանդես ենք եկել։ Իմ որոշմամբ վերաբացվել է այդ քրեական գործով կազմակերպիչների հարցով նախաքննությունը: Քրեական գործով մեծ անելիք կա՝ ինչպես քննչական գործողությունների առումով, այնպես էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների առումով»: