Երեկվանից թշնամին տարբեր պարբերականությամբ կրակահերթեր է արձակում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Այս մասին Armenai Today-ի հետ զրույցում հայտնել է GeoProMining Gold ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:
«Երեկ երեկոյան ժամերից թշնամին պարբերական կրակահերթեր է արձակել հանքի ուղղությամբ։ Ունենք վիրավոր աշխատող, ով վնասվածք է ստացել ձախ թևից, բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածքներ չունի, գտնում է հոսպիտալում»,-հայտնեց Գրիգորյանը՝ հավելելով, որ բժիշկները նրա առողջական վիճակը կայուն են գնահատում։
Գրիգորյան հայտնեց նաև, որ այս պահին կրակոցները դադարել են։ «Հիմա իրավիճակն ավելի հանգիստ է, բայց Սոթքի հանքավայրը դադարեցրել է աշխատանքները և աշխատակիցների անվտանգության ապահովման համար նրանց տարհանել են»,-նշեց նա։
Նշենք, որ Գեղարքունիքի սահմանային մյուս հատվածներում իրավիճակը հանգիստ է եղել։ Մասնավորապես, Armenia Today-ի հետ զրույցում Կութ համայնքի վարչական ղեկավար Սիմա Չիչյանը նշել է, որ կրակոցները հեռվից են լսվել։
Ադրբեջանական կողմը հերքել է Սոթքի հանքավայրի ուղղությամբ կրակահերթեր արձակելու վերաբերյալ տեղեկությունը։