Հեռուստահաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի հարազատները պահանջել են, որ դիահերձումը կատարեն Երևանում։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Նրա խոսքով՝ դա որոշ ժամանակ կտևի, ինչից հետո, երբ պատրաստ լինեն դատաբժշկական փորձաքննության արդյունքները, նոր միայն քրեական գործ կհարուցվի։
«Ամենայն հավանականությամբ քրգործ կհարուցվի 157-րդ հոդվածով։ Այն է՝ տեխնիկական անվտանգության կանոնների խախտելը, որն առաջացրել է մարդու մահը»,- ասաց նա։
Այլ տուժածների մասին տեղեկություն Թադևոսյանը չհայտնեց՝ նշելով, որ ռետինե նավակի մեջ եղել է ևս 6 մարդ։ Նավակը շրջվել է, վարարած գետն են ընկել, հնարավոր է՝ վնասվածքներ ստացած լինեն։
Ի դեպ, Ճաղարյանի ամուսինը նույնպես այնտեղ է եղել։ Սակայն գետը մի քանի կիլոմետր քշել է կնոջը, նրան փրկել չի հաջողվել։
Նշենք, որ «Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերությունը մայիսի 8-ին ֆեյսբուքյան էջում գրառում էր արել` հայտնելով, որ մայիսի 7-ից անժամկետ դադարեցրել են ռաֆտելը Դեբեդ գետում։
«Հորդառատ անձրևների պատճառով` Դեբեդ գետի վարարման հետևանքով չենք կարող ռաֆտել, քանի որ վտանգավորության աստիճանը բարձր է և անթույլատրելի է սկսնակների համար: Ելնելով իրավիճակից ներողություն ենք խնդրում մեր շատ սիրելի ռաֆտինգասերներից, որ չենք կարողանում այս օրերին մատուցել ռաֆտինգ ծառայություն: Մեզ համար առաջնային է մասնակիցների անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ ընկերությունը, այնուամենայնիվ, թույլատրել է գետ դուրս գալ խմբին, Թադևոսյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ՝ ցանկացել են ընդառաջել նկարահանման խմբին ու չեն մերժել։ Սակայն դա ավարտվել է դժբախտությամբ։
Հիշեցնենք, որ «Շանթ» հեռուստաընկերության «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող 31-ամյա Արմինե Ճաղարյանը դժբախտ պատահարի զոհ է դարձել։