Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտում «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն-30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը: Մասնավորապես, նա մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի իրավունքներն ու վերջին շրջանում ունեցած դժվարությունները:
«Պետք է հաջողությամբ իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որպեսզի Ադրբեջանի հետ մեր երկաթուղիները, ճանապարհներն աշխատեն: Մենք խոսակցություն ենք սկսել Թուրքիայի հետ, համաձայնել ենք առանց նախապայմանների սկսել հարաբերությունների կարգավորման փորձ:
Առանց միջազգային հանրության ակտիվ ու անկեղծ աջակցության մենք հաջողության հասնելու ավելի քիչ հնարավորություններ կունենանք: Մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը լսի մեր ձայնը, միջազգային հանրությունը տեսնի մարդկանց, որոնք այսօր ապրում են Լեռնային Ղարաբաղում, որոնք ամեն օր՝ ի հեճուկս բազմաթիվ գործոնների, պայքարում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի համար: Մյուս կողմից, ունենք տարօրինակ մի փաստ, որ այդ մարդիկ կտրված են միջազգային հանրության հետ հաղորդակցություն իրականացնելու հնարավորությունից: Այսօր բազմաթիվ միջազգային կառույցներ, գործակալություններ՝ ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, ԵԱՀԿ, զրկված են Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությունից, որովհետև Ադրբեջանը արգելափակում է: Եթե չկա իրականությունն այլակերպելու ցանկություն և կանխավարկած, ապա այդ քաղաքականությունն այնքան էլ հասկանալի չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգը, գնում է Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի ճանապարհով: Նա պարզաբանում ներկայացրեց, պայմանականորեն ասած, խաղաղության բանակցությունների մեկնարկի վերաբերյալ:
«Ադրբեջանը ներկայացրեց իր պատկերացումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, որտեղ հինգ հիմնական կետ կա: Խոսքը վերաբերում է միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելուն, սահմանների դեմարկացիային, դելիմիտացիային, միմյանցից տարածքային պահանջների բացակայությանը:
Մենք, դիտարկելով այդ առաջարկները, տեսանք, որ մեզ համար, ըստ էության, դրանցում անընդունելի ոչինչ չկա, սակայն արձանագրեցինք, որ այդ կետերը չեն հասցեագրում հարաբերությունների ամբողջ օրակարգը: Լրացրինք այդ օրակարգը, որտեղ ներառվում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդիրը: Ապրիլի 6-ին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, երբ հանդիպում տեղի ունեցավ, մենք քննարկեցինք այդ հարցը Ադրբեջանի նախագահի հետ: Ասացի, որ մեզ համար իրենց առաջարկած կետերի մեջ ոչինչ անընդունելի չկա:
Եթե ադրբեջանական կողմը համաձայն է երկու պատկերացումները միացնել իրար ու այդ հենքի վրա սկսել բանակցություններ, ապա մենք պատրաստ ենք դրան: Թեպետ, պետք է նշեմ, որ վերջին շրջանում Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք ենք բերել Բրյուսելում:
Այսօր պիտի վերահաստատեմ իմ այն դիրքորոշումը, որ նշված սկզբունքների հիման վրա պատրաստ ենք բանակցությունների, չնայած՝ այն պրոցեսում, որը պլանավորվել է, որևէ բան չի փոխվել: Առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը սահմանազատման, սահմանագծման հարցում, տեղի կունենա արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Մենք շատ դաժան փորձությունների միջով ենք անցել, բայց այսօր կարող եմ ասել, որ ունեմ խոր համոզմունք, որ մենք ճիշտ ճանապարհով ենք ընթանում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը: