Դատավոր Դավիթ Արղամանյանը որոշեց մասնակի բավարարել քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը՝ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառվեց 1 ամիս ժամկետով կալանավորումը։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Նշեմ, որ Գերասիմի վրա դա ունի զրո ազդեցություն. նա ոնց պայքարել, այդպես էլ շարունակելու է իր պայքարը»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել։ 2022թ. մայիսի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Նավոյանը որոշել էր Գերասիմ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել 60.000.000 ՀՀ դրամ գրավը, որը չեն վճարել։ Սա Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ արդեն չորրորդ միջնորդություն էր։
Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը մի խումբ քաղաքացիներ փորձել էին ներխուժել «Ազատության» գրասենյակ, հարվածել դռներին, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին։ Ըստ «Ազատության»՝ նրանք ասում էին՝ «Եկել ենք սերվերները տանենք, որ եթեր չմտնեք։ Դավաճան եք, թուրք եք, եթեր չեք մտնելու»: Գրասենյակ ներխուժել փորձողների մեջ էր նաև ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանը։ Նրա դեմ քրգործ էր հարուցվել։