Չպետք է թույլ տալ, որ կրկնվեն պատմության սխալները. խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերում տարածված են եղել դեպքերը, երբ ադրբեջանական իշխանությունները մասնակցել են պաշտոնական քննարկումների, բայց զուգահեռաբար տեղերում կազմակերպել են հարձակումներ հայ գյուղացիների նկատմամբ, զավթել հողատարածքներ և հետո այդ զավթած հողատարածքները դարձրել «քննարկումների» առարկա (Բարանա, իսկ ներկայում՝ Նոյեմբերյան, Կողբ, Կոթի, Դովեղ և այլ գյուղեր): Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Չնայած Անդրկովկասյան Դաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի հողային վեճերի հանձնաժողովի 1923թ. ապրիլի 28-ի որոշմանը, որով նախատեսվում էր Ղազախի Գավառին հանձնել Շինիխ-Այրումի շրջանում գտնվող ընդամենը 5 000 դեսյատին հողատարածք` Ղազախի հողաշինարարական խումբը հատուկ կազմել էր բոլորովին այլ հատակագիծ՝ անտեսելով այդ որոշման պահանջը:
ՀԽՍՀ-ին պատկանող տարածքից ապօրինաբար տիրացել էին ավելի մեծ հողատարածքի, քան նախատեսվում էր որոշմամբ: Նրանք, մասնավորապես, ահաբեկելով տեղի անտառապետին, գրավել էին շուրջ 7.000 դեսյատին տարածք՝ իրենց «ձեռքբերումը» հասցնելով մինչև 11800 դեսյատինի և դա դարձնելով քննարկումների առարկա:
Մեկ այլ օրինակ` 1922թ. մայիսից սկսած Տավուշի, Քարվանսարայի (Իջևան) և Ղազախի գավառների սահմանային շրջանների վեճերը և հանձնաժողովների վերջնական աշխատանքներն անընդհատ ձգձվում էին, քանի որ ադրբեջանական կազմակերպմամբ գրավվել էին հայերին պատկանող, բայց իրենց տիրույթների մեջ խրված հողերի մեծ մասը և հրաժարվում էին վերադարձնել: Դա էլ դժվարություններ էր առաջացնում նաև արոտավայրերից, անտառներից ու ջրային պաշարներից գյուղացիների օգտվելու հարցում:
Առհասարակ, հաճախ վեճերն առաջանում էին Ադրբեջանի խոշոր հողատերերի (արխիվային փաստաթղթերում նշվում է՝ կալվածատերեր) պատճառով, ովքեր իրենց հողակտորները վաճառում էին հայերին, իսկ հետո առանց հիմքի հետ էին պահանջում:
Այն ժամանակ ադրբեջանական խախտումների փաստերը Խորհրդային Հայաստանի իշխանությունները պատշաճ չէին արձանագրում, հույսները դրել էին քննարկումների ու ադրբեջանական «փափուկ բարձերի» վրա, մտածում էին «ավելորդ խնդիրներ» չստեղծել:
Իրականում, դրանով միայն նվերներ էին ստեղծվում ադրբեջանական իշխանության համար, որ մեր Հայրենիքի ու հայրենակիցների հաշվին աշխարհին երևան խաղաղասեր ու հումանիստ:
Հ.Գ. Դեսյատինը հողային տարածության հին չափման միավոր է` 2400 քառակուսի սաժեն կամ 1.09 հեկտար»,- գրել է Թաթոյանը: