«Հրապարակ» թերթը գրում է․ «2008 թվականի մարտի 1-ին, երբ իրավիճակը երկրում պայթյունավտանգ էր, Գարեգին Բ-ն այցելել է Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն, սակայն նա դուռը չի բացել կաթողիկոսի առաջ` ասելով, որ կաթողիկոսը եթե ասելիք ունի, պետք է ասի Ռոբերտ Քոչարյանին, ոչ թե իրեն: Դրանից անցել է 14 տարի, այս ընթացքում կաթողիկոսն ու ՀՀ առաջին նախագահը երբեւէ չեն հանդիպել: Նրանց անդրանիկ հանդիպումը կայացել է փետրվարի երկրորդ կեսին: Կաթողիկոսը, ի զարմանս իր շրջապատի, չի մերժել Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հանդիպման առաջարկը: Մեզ պատմեցին, որ հանդիպել են Երեւանում: Բնականաբար, տարբեր հարցեր են քննարկել, սակայն մեր աղբյուրը նշում է, որ գլխավոր հարցը եղել է Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի հուշարձանի կառուցման հարցը: Տեր-Պետրոսյանը հորդորել է Գարեգին Բ-ին՝ մերժել նման հուշարձան կանգնեցնելու առաջարկը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս տարվա ապրիլի 28-ին ի լուր աշխարհի ՀՀ կառավարության նիստում հայտարարեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը կրկին վերապրոֆիլավորվելու է եւ իր դռներն է բացելու ամբողջովին վերափոխված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը: Բժշկական կենտրոնի բացման օր էր նախանշված երեկ՝ մայիսի 16-ը։ Եվ, ահա մայիսի, 16-ը եկավ, ու հերթական չիրականացված խոստմանը ականատես եղանք»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանությունում գտել են ընդվզող աշխատակիցների բերանը փակելու ճանապարհը, նրանց ոչ միայն պարգեւավճարներ են խոստանում, այլեւ ուղարկում են, այսպես կոչված, «հանգստի»։ Համակարգի մեր աղբյուրներն ասում են, որ նման աշխատակիցներին անգամ արձակուրդի դիմում գրել չեն պարտադրում, ասում են` գնա տուն, հանգստացի, հետո կվերադառնաս»։
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ իշխանությունները ցանկանում են Ալավերդիում խոշորացնել արդեն իսկ խոշորացված համայնքները: Մի անգամ խոշորացված Ախթալան, Շնողը, Օձունը ցանկանում են միացնել էլի մեկ անգամ արդեն խոշորացված Ալավերդի համայնքին: Սակայն նախօրեին այս հարցով հանրային լսումները Օձունում և Ախթալայում այդպես էլ չեն կայացել: Համայնքների բնակիչները բոյկոտել են լսումները՝ հայտարարելով, որ դեմ են նոր խոշորացմանը:
Սակայն, մեր տեղեկություններով, այս խոշորացումը իշխանություններին օդ ու ջրի պես անհրաժեշտ է. նրանք ցանկանում են իրենց թեկնածուին դարձնել քաղաքապետ: Ավելին, արդեն իսկ սկսել են ոչ պաշտոնական «քարոզարշավը»: Այս օրերին նշյալ համայնքներից մենք տեղեկություններ ենք ստանում, որ քպական պատգամավոր Արեն Մկրտչյանը ինտենսիվ պատրաստվում է ընտրությունների. ասում են՝ հենց նա է գլխավորելու ՔՊ-ի ցուցակը: Ալավերդցիներն ասում են, որ Մկրտչյանը ակտիվ հանդիպումների մեջ է, իսկ նրա հետ «շրջում» են բավականին կասկածելի համբավ ու կենսագրություն ունեցող անձինք (մեզ դիմած քաղաքացիները, մեղմ ասած, շատ կոշտ բնութագրումներ էին տալիս, որոնք չենք հրապարակում էթիկայի կանոններից ելնելով)»:
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում։