2021 թվականի դեկտեմբերին ստեղծված 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և Ռուսաստան, Իրան, Թուրքիա) պահանջված և խոստումնալից մեխանիզմ է։ Այս մասին TACC-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանեով հարցին, թե ինչպես են ընթանում աշխատանքները «3+3» ձևաչափով Անդրկովկասում և տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հեռանկարներ կա՞ն։
«Մենք նախատեսում ենք այն ակտիվորեն օգտագործել Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև համագործակցությունը զարգացնելու համար։ Նման համագործակցության տրամաբանությունը ենթադրում է ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող, քաղաքական հակասությունները չսրող և փոխադարձ վստահության բարձրացմանը նպաստող հարցերի հավաքական դիտարկում»,- ասել է Ռուդենկոն։
Ըստ նրա՝ տարածաշրջանի բոլոր երկրների ներգրավվածությունն այս գործընթացում բարենպաստ պայմաններ է ստեղծում երկխոսության հաստատման համար, օրինակ՝ Երևանի և Բաքվի, Երևանի և Անկարայի միջև՝ առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացման միջոցով։ Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև համագործակցության լրացուցիչ հնարավորությունները կապված են տարածաշրջանի տարանցիկ ներուժի բացահայտման, նոր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության հետ։
«Այս փուլում նախապատրաստական աշխատանքներ են տարվում ձևաչափի երկրորդ հանդիպման համար։ Ակնկալում ենք այն իրականացնել մինչև առաջին կիսամյակի ավարտը։ Ինչ վերաբերում է տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, ապա դա արվում է մասնագիտացված եռակողմ աշխատանքային խմբի կողմից՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ։ Այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել։ Մենք գնում ենք կոնկրետ որոշման շուտափույթ ընդունմանը, որը թույլ կտա սկսել կոնկրետ ծրագրեր իրականացնել տարածաշրջանում»,- ասել է Ռուդենկոն։