Չի լինելու ո՛չ արտահերթ ընտրություններ և ո՛չ էլ վարչապետի հրաժարական, Facebook-ի էջում գրել է կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ արձագանքելով «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանին։
«Արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին լուրջ դեմքով խոսացող Իշխան Սաղաթելյանին պետք է հիասթափեցնեմ։ Ստիպված եմ հիշեցնել օրեր առաջ արածս հայտարարությունը, որ վարչապետը հրաժարական չի տալու։
Վարչապետի հրաժարականի, արտահերթ ընտրությունների մասին կեղծ լուրեր տարածողներն ավելի շուտ սեփական ծոծրակը կտեսնեն, բայց հրաժարական չեն տեսնի։ Վերահաստատում եմ՝ էս երկիրը որբի գլուխ չէ, որ ամեն տարի հրաժարական ու արտահերթ ընտրություն պահանջեք»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ի դեպ, հավելենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ իշխանական կուլիսներում քննարկվում է արտահերթ ընտրություններով ստեղծված քաղաքական ճգնաժամը լուծելու հարցը։