Կառավարությունը այսօրվա՝ մայիսի 19-ի նիստում, դատավորներին հավելավճարներ տալու որոշում ընդունեց։ Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանված վարձատրության չափը փոխվել էր 2021 թվականի ապրիլի 14-ին, երբ օրենքով հակակոռուպցիոն դատարանի դատավորի համար, գործունեության ոլորտով պայմանավորված ռիսկայնությունից ելնելով, սահմանվեց հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով։
Որպես նշված փոփոխությունների տրամաբանական շարունակություն՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության չափը: Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոն զբաղեցնելու պայմանը ներառել հավելում վճարելու պայմանների ցանկում, և Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով։
Վճռաբեկ դատարանում դատավորի (այդ թվում՝ նախագահի և պալատի նախագահի) պաշտոն զբաղեցնելու պայմանը ներառել հավելում վճարելու պայմանների ցանկում, և Վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նախագահի և պալատի նախագահի) համար սահմանել պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում։
Եթե դատավորի համար օրենքով սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա նրա կենսաթոշակի հաշվարկի մեջ ընդգրկվում է հավելավճարի գումարի 30 տոկոսը:
Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ում ուզում են ունենալ այնպիսի դատական համակարգ, որը նայում է մարդկանց աչքերին, ոչ թե մարդկանց ձեռքերին:
«Երբ մենք հայտարարում ենք, որ ուզում ենք երկրում լինի իսկապես անկախ դատական համակարգ, դա ձև չէ, քաղաքական կարգախոս չէ, այլ համոզմունք է, ցանկություն է, նպատակ է, որին մենք հետևողականորեն պետք է հասնենք»,- ասաց նա: