Հայաստանը կանգնած է մեծ մարտահրավերների առաջ՝ կապված COVID-19-ի, 44-օրյա պատերազմի, հետպատերազմյան իրավիճակի և Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների ազդեցության հետ։ Այս մասին «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։
Նրա խոսքով՝ առանց ժողովրդավարության չկա խաղաղություն և անվտանգություն։ «Այս մարտահրավերներն ունեն լուրջ սոցիալական, բարոյահոգեբանական և տնտեսական հետևանքներ, որոնք դժվար է հաղթահարել մարդու իրավունքները պաշտպանելիս»,- ասաց Վիկտորինը` միաժամանակ նշելով, որ Հայաստանին հաջողվում է պահպանել հիմնարար ազատությունները՝ անդրադառնալով խորհրդարանի աշխատանքին, համաճարակի ժամանակաշրջանին, ԶԼՄ-ների բազմակարծությանը, ինչպես նաև 2021 թվականին ազատ և թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, չնայած դրանց կազմակերպման կարճ ժամանակահատվածին։
«Դա անհրաժեշտ է երկրում քաղաքական փոփոխությունների համար։ Հայաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր իրենց գործունեությամբ պաշտպանում են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, դարձել են ատելության, հարձակումների և սադրանքների թիրախ։ Անցյալ շաբաթ բողոքներ են ստացվել կանանց, երեխաների, ԼԳԲՏ համայնքի իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպություններից՝ նրանց վրա հարձակվել են։ Նույն խմբերը դժգոհում են իրենց իրավունքների սահմանափակումից։ Մարդու իրավունքների հարցում անհրաժեշտ է օրենքների վրա հիմնված համապարփակ և համընդհանուր մոտեցում»,- ընդգծեց Անդրեա Վիկտորինը։