Ոստիկանության և Քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Արթուր Վանեցյանի օգնական, պահեստազորի փոխգնդապետ Արամ Գրիգորյանի բնակարանում:
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը նշեց, որ խուզարկությունը կապված է այն տեսագրության հետ, երբ Արամ Գրիգորյանը «մուրացկաններին գումար է բաժանում»։
«Էդ մուրացկաններին կարելի է քաղաքի տարբեր մասերում հանդիպել։ Մուրացկաններին գումար բաժանելը քրեական հանցանք չէ»,- իր հերթին նշեց Արամ Գրիգորյանը։
Խուզարկությունից հետո Վանեցյանի օգնականը բերման ենթարկվեց։
«Էս պահին որոշվեց բերման ենթարկել»,- լրագրողների հետ զրույցում նշեց Վարոսյանը՝ հավելելով, որ խուզարկության արդյունքում ոչինչ չի գտնվել։
«Փնտրում էին հավաքի մասնակիցների ինչ-որ ցուցակներ, բնականաբար, այդպիսի բան չի կարող լինել, որովհետև այն տեսանյութը, որ գործը հարուցվել է, բոլորս տեսել ենք։ Սա քաղաքական ռեպրեսիա է, շատ ծիծաղելի է»,- նշեց փաստաբանը։
Ըստ նրա՝ բերման ենթարկելը ո/չ տրամաբանության մեջ է տեղավորվում, ո՛չ օրենքի։