«Օրեր առաջ տելեգրամյան ալիքում @ararathau անունով օգտատերը տեղադրեց մի տեսանյութ, որտեղ արձանագրվեց Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի արդյունքում օկուպացված Մեծ թաղեր գյուղի Մանկավարժների պուրակի ոչնչացումը․ պուրակի բացակայությունը։ Նկարում երևում է պուրակն ու վերջինիս կառուցման մասին արձանագրությունը, համաձայն որի այն կառուցվել էր ի հիշատակ Մեծ Թաղեր գյուղի մանկավարժների և Սոկրատ Աղաբեկյանի, գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը:
«Մեր արձագանքը
Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածն արգելում է վանդալիզմի, գողության, կողոպուտի կամ յուրացման ցանկացած գործողություն և բացարձակ արգելք դնում մշակութային արժեքների դեմ ուղղված հաշվեհարդարի գործողությունների վրա։ Ըստ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրության, որը գործում է նաև ոչ միջազգային (էթնիկ) բախումների դեպքում, արգելվում է ժառանգության հանդեպ թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն, իսկ այդպիսի արարքը ըստ 15-րդ հոդվածի որակվում է որպես միջազգային հանցագործություն։
Ըստ Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիայի առաջին արձանագրության 53-րդ հոդվածի` «Չխախտելով Հաագայի 1954 թվականի մայիսի 14-ին ընդունված կոնվենցիայի դրույթները, արգելվում է մշակութային ժառանգության դեմ իրականացնել ցանկացած թշնամական գործողություն, ռազմական նպատակներով օգտագործել դրանք, կամ հաշվեհարդարի առարկա դարձնել»,-ասված է կայքում։