Հայաստանի համար զուգահեռ ներկրումներ անելու գործընթացը կարող է շահեկան լինել, այսինքն այն ապրանքները, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանին կարող են ներկրվել Հայաստան, ապա արտահանվել Ռուսաստան։ Սակայն այս գործընթացը չի կարող մնալ անտեսանելի։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ մեկնաբանելով ՌԴ-ում ներդրվող զուգահեռ ներկրման գործընթացը, որը կգործի նաև Հայաստանի հետ։
Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունն այնքան փոքր է, որ այս կամ այն ապրանքի՝ մեծ քանակությամբ ներկրումը մեծ ուշադրության կգրավի այլ երկրների կեղմից և Հայաստանի նկատմամբ միագամից կկիրառվեն պատժամիջոցներ։
«Հայաստանը չի կարող ամբողջությամբ փոխարինել Ռուսաստանում արգելքի տակ գտնվող այս կամ այն ապրանքի պահանջարկը։ Շատ փոքր քանակությամբ՝ միգուցե, սակայն մեծ ծավալի մասին մենք չենք կարող խոսել»,- ասաց Պարսյանը։
Նրա պարզաբանմամբ՝ եթե օրինակ X չիպը, որը պետք է ներկրվի Հայաստան, ապա արտահանվի Ռուսաստան, մեծաքանակ ներկրվի մեր երկիր, դա միանգամից ուշադրություն կգրավի ամերիկյան կամ եվրոպական երկրների կողմից։ Սա նշանակում է, որ որքան էլ որ նոր գործընթացը դրական ազդի ՀՀ տնտեսության վրա, այնուամենայնիվ՝ այն հղի է վտանգով, քանի որ միանգամից կարող ենք ընկնել պատժամիջոցների տակ։
Հարցին, թե այդ դեպքում ինչպես գործել՝ արևմտյան գործընկերներին չհիասթափեցնելու համար, Պարսյանը պատասխանեց․
«Պետք է գործել հավասարակշռված ձևով, չպետք է կորցնել լավ կապերն ու հարաբերությունները արևմտյան գործընկերների հետ։ Այդ կապերից, անշուշտ, օգտվում է նաև ռուսական կողմը՝ թեկուզ միջանկյալ ձևով»։
Մեր զրուցակցի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանում մի շարք խոշորածավալ ներդրումներ ունի, որոնք պետք է աշխատեն, արտահանումներ կազմակերպեն։ Բացի այդ՝ ՌԴ-ն կարող է ֆինանսավորել տարբեր գործարանների կառուցումը Հայաստանում։ Օրինակ՝ դա կարող է լինել եվրոպական տեխնոլոգիաներով ապրանքների արտադրություն Հայաստանում՝ նույն եվրոպացիների հետ համատեղ։ Ապա արտահանում իրականացվի Հայաստանում։
«Այստեղ ռուսական կողմը կարող է Հայաստանի և եվրոպական ընկերության հետ Հայաստանում գործարան բացել և մեր երկրում արտադրել մի շարք ապրանքներ կամ սարքավորումներ, որոնք Ռուսաստանում արգելված է արտադրել»,- ասաց Պարսյանը։
Նշենք, որ զուգահեռ ներկրման գործընթացը ՌԴ-ում ներդրվել է մարտի վերջ։ Այն, ինչպես պարզաբանել են ՌԴ-ում, պատասխան է երկրի դեմ կիրառող արևմտյալ մեծածավալ պատժամիջոցներին՝ ստեղծված Ուկրաինայիում ՌԴ ռազմական գործողությունների ֆոնին։
Զուգահեռ ներկրման ցուցակում ներառված է 50 ապրանքային խումբ և մոտ 200 ապրանքանիշ։ Նշենք, որ գործընթացի էությունն այն է, որ առանց հեղինակային իրավունքի հնարավոր է ներկրել երկիր որևէ ապրանք, ապա արտահանել ՌԴ։
Արաքսյա Սնխչյան