Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում «կապիկի ծաղիկով» վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։ Կոչ եմ անում անհատ օգտատերերին տելեգրամյան ալիքներով ապատեղեկատվություն չտարածել։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` վերջին շաբաթների ընթացքում աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության շուրջ 92 դեպք:
Նշենք, որ կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):
Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին:
Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում: