Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոքի նամակ է հղել միջազգային օլիմպիական կոմիտեին, բռնցքամարտի միջազգային ասոցիացիային (IBA), բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային և EUBC-ի անդամ երկրների ֆեդերացիային՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Արցախի Հանրապետության դրոշը ծածանելու համար։
Ըստ Ադրբեջանի՝ Արցախի դրոշը ծածանելը չի համապատասխանում սպորտի ոգուն և առաքելությանը:
Միջոցառումների կազմակերպիչներից Ադրբեջանը պահանջել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները «միջադեպի» համակողմանի հետաքննության համար։
Հիշեցնենք, որ Երևանում բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, երբ մասնակից երկրների պետական դրոշները դուրս էին բերվել և ողջույնի համար ամբիոնի մոտ հրավիրվեց ԵԱ կազմկոմիտեի նախագահ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, երկու երիտասարդներ անսպասելի բարձրացան բեմ և պարզեցին Արցախի դրոշը: