44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի շարք ծնողներ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպման կեսից դուրս են եկել։ Նրանց խոսքերով՝ պատճառն այն է, որ Ջհանգիրյանը վիրավորել ու մեղադրել է իրենց։
Նրանց խոսքերով՝ Ջհանգիրյանը նրանց ասել է, որ քաղաքական ուժերն իրենց օգտագործում են։
Զոհված զինծառայողի մայր Ալիսա Գևորգյանի խոսքով՝ հանդիպմանն անգամ ձևական ու բարոյական կողմը չի պահպանվել։
«Ես այլ բան չէի սպասում, ուղղակի հետաքրքիր էր, թե պարոն Ջհանգիրյանը ինչպես կխաղա։ Բայց վատ խաղաց։ բոլորիովին չհամոզեց»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ զոհված զինծառայողների ծնողները պահանջում էին, որ Գագիկ Ջհանգիրյանն իջնի ԲԴԽ-ի շենքից։ Հիշեցնենք նաև, որ ծնողներին երթով միացել է նաև «Դիմադրություն» շարժումը։ Ծնողներն այսօր ներկայացրել էին իրենց պահանջները։
Հավելենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ պատերազմից կարելի էր խուսափել, բայց այսօր իրավիճակը նույնն էր լինելու՝ առանց զոհերի։ Զոհերի հարազատներն այս հայտարարության մեջ հանցագործության տարրեր են տեսել և համապատասխան հաղորդագրություն են ներկայացրել գլխավոր դատախազություն։ Ապրիլի 27-ին Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ստացել՝ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու 2020 թվականի Արցախյան պատերազմի աղետալի հետևանքների պատճառների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով։ Քրեական գործն ավելի ուշ փոխանցվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։ Մայիսի 7-ին միջնորդություն է ներկայացվել Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննության հրավիրելու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։