Հայաստանի կառավարությունը փորձում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի hանրապետությունը գրավիչ դարձնի ՏՏ ոլորտի և, ընդհանրապես, ներդրումների համար։ Այս մասին Եվրասիական տնտեսական համաժողովի առցանց նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հիմա նկատում ենք, որ որոշ ՏՏ մասնագետների ներհոսք կա Հայաստան։ Մենք հասկանում ենք համատեքստը և փորձում ենք պայմաններ ստեղծել, որպեսզի այդ ներհոսքերը ծառայեն հենց ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանը»,- նշել է Փաշինյանը։
Նա նշել է, որ ծառայություններն այսօր դառնում են մեր Միության երկրների տնտեսական համագործակցության զարգացման աճի նոր կետերի գեներատոր։
«Այս ոլորտի դերը տնտեսության մեջ անընդհատ աճում է և ծառայությունների առանձին տեսակներ, որպես արտադրության գործոններ, էական ազդեցություն ունեն ապրանքների, արդյունաբերության ճյուղերի և տնտեսությունների մրցունակության վրա։ Այս առումով, եվրասիական ինտեգրման ամենակարևոր խնդիրը ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովումն է։ Այս խնդիրը լուծվում է, այդ թվում՝ ոլորտի ազատականացման, ծառայությունների միասնական շուկայի ձևավորման և գործունեության միջոցով, որն իր հերթին ընդլայնում է բիզնեսի ակտիվացման հնարավորությունները։ Կարելի է ասել, որ ծառայությունների ազատ տեղաշարժի մակարդակն ինտեգրման յուրատեսակ ցուցիչ է»,- նշել է նա։
Ծառայությունների առևտրի զարգացումը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նաև անդրսահմանային առևտրի ոլորտում գիտատեխնիկական առաջընթացի և տեխնոլոգիական փոփոխությունների զարգացմամբ, որն ինքնին արդեն «աշխարհագրական անջատվածությունը» հաղթահարելու գործոն է և արդիական է Հայաստանի համար։
Այս առումով շեշտելով հեռահաղորդակցությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը՝ Փաշինյանը հավելել է․ «Այս համատեքստում, համագործակցության կարևոր ոլորտ է անդամ-պետությունների ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը տնտեսության բարձր տեխնոլոգիական ոլորտներն ակտիվորեն զարգացնելու և Միության թվային օրակարգն ամբողջությամբ իրականացնելու նպատակով: Թվային օրակարգի իրականացման շրջանակներում անհրաժեշտ է հետևողականորեն խթանել ինտեգրացիոն գործընթացների խորացմանն ու ԵԱՏՄ անդամ-երկրների տնտեսությունների և քաղաքացիների համար ուղղակի օգուտներ ստանալուն ուղղված նախաձեռնությունները»։
Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը համարում է տնտեսական զարգացման հիմքերից մեկը։
«Մենք նպատակադրված ենք ընդլայնելու մեր հնարավորությունները, որպեսզի դառնանք մի երկիր, որն արտադրում և մատուցում է բարձրորակ, բանականության վրա հիմնված ապրանքներ և ծառայություններ՝ իր հիմքում ունենալով ստեղծագործ մարդկային կապիտալը»,- հավելել է նա։