Հայաստանի բնակչության մեծ մասը դժգոհ է երկրում ձևավորվող ներքաղաքական իրավիճակից, այս մասին են վկայում հերթական հարցման տվյալները, որն անցկացրել է MPG խորհրդատվական ընկերությունը, որը Callup International-ի դուստր ձեռնարկությունն է։
Ըստ MPG-ի ղեկավար Արամ Նավասարդյանի՝ ՀՀ ներկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ հարցվածների 7,3 տոկոսը հայտնել է լիովին դրական կարծիք, 15 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 16,6-ը՝ ավելի շուտ բացասական, 49,9-ը՝ ընդհանրապես բացասական, 11,4-ը դժվարացել է պատասխանել։ Ավելի, քան 66 տոկոսը քաղաքական վիճակը գնահատել է բացասական։
Հարցվածների 45.7%-ը տեղյակ չէր մայիսի 22-ին Բրյուսելում Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած բանակցությունների մասին։ Ըստ MPG-ի ղեկավար Արամ Նավասարդյանի տեղեկացմամբ՝ հարցվածների 45,7 տոկոսը նշել է, որ տեղյակ չէ բրյուսելյան հանդիպման մասին։ Հարցվածների 54,3 տոկոսն էլ հայտարարել է, որ տեղյակ է։ Վերջիններից 11,2 տոկոսը լիովին դրական է գնահատում արդյունքները, 23,5-ը՝ ավելի շուտ դրական, 15,4-ը ավելի շուտ բացասական, 35,6-ը ընդհանրապես բացասական, 14,3-ը դժվարացել է պատասխանել։
Ընդ որում, հարցվածների ավելի քան մեկ երրորդը բացասաբար է վերաբերվում ընդդիմության պայքարին (33%), 12.3%-ը՝ ավելի շուտ բացասական, քան դրական, 15.9%-ը ընդդիմադիր շարժման կողմնակիցներ են, իսկ 16.6%-ը դրական է գնահատում, 22%-ը դժվարացել է պատասխանել: Ընդ որում, Երևանում ընդդիմության փողոցային պայքարին միացել է հարցվածների 15,5%-ը, մարզերում՝ 4,1%-ը, իսկ ողջ հանրապետությունում՝ 8,2%-ը։ Ընդդիմության կողմնակիցներից 64,6%-ն իր դիրքորոշումն արտահայտում է հանրահավաքներին մասնակցելով, 31,7%-ը՝ սոցիալական ցանցերում, 19,5%-ը՝ ավտոերթերում, 18,3%-ը՝ անհնազանդության ակցիաներում։
Հարցին, թե արցախցիներին ազգային փոքրամասնության կարգավիճակ տալուն ինչպես են վերաբերվում, 1,5 տոկոսը դրական է գնահատում, 2,9 տոկոսը գնահատել է ավելի շատ ընդունելի, 6 տոկոսն ավելի շուտ չի ընդունում, 83,3 տոկոսը միանշանակ չի ընդունում, 6,4 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Հարցվածների 27,8 տոկոսը կարծում է, որ վարչապետ Փաշինյանը պետք է հրաժարական տա, 13,9 տոկոսը կարծում է, որ պետք է ավելի շոտ տա, քան չտա, 12,9 տոկոսը կարծում է՝ ավելի շուտ չպետք է տա, 25,8 տոկոսը՝ միանշանակ ոչ, 19,6 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Հարցվածների 15,9 տոկոսը գոհ է ընդդիմության գործելաոճից, 16,6 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 12,3 տոկոսն ավելի շուտ բացասական, 33,3 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 22 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Հարցման արդյունքների համաձայն՝ 16,9 տոկոսը միանշանակ բացասական է գնահատել իրավապահ մարմինների աշխատանքը անհնազանդության գործողությունների ժամանակ, 20,3-ը՝ բավականին բացասական, 26,3-ը՝ լիովին դրական, 19,8-ը՝ բավականին դրական, իսկ 16,6-ը դժվարացել է պատասխանել։
Հարցին, թե ինչ է անհրաժեշտ ներկա ներքաղաքական իրավիճակը կարգավորելու համար, 27,6 տոկոսը նշել է, որ փոփոխություններ պետք չեն, 26,6 տոկոսը ելք է տեսնում նոր խորհրդարանական ընտրություններում, 21,8 տոկոսը՝ կողմ է անցումային կառավարության ձևավորմանը, 11,4 տոկոսը կարծում է, որ ընդդիմության վրա ճնշում գործադրելու կարիք կա, իսկ 12,6-ը դժվարացել է պատասխանել։
Նշենք, որ հարցումն իրականացվել է ՀՀ բնակիչներին ուղղված հեռախոսազանգերի միջոցով այս տարվա մայիսի 26-28-ն ընկած ժամանակահատվածում, ընտրանքի չափը կազմել է 1003, ընտրանքի սխալը՝ +/- 3%:
Հետազոտությունների միջոցով փորձել են պարզել նաև, թե անհրաժեշտության դեպքում, որ երկրներից ՀՀ-ն կարող է ռազմական օգնություն ստանալ։
Հարցվածների 48, 1 տոկոսը նշել է, որ ՌԴ-ից կարող է մեր երկիրը զենք ստանալ, 13,9 տոկոսն էլ կարծում է, որ Ֆրանսիան կարող է ռազմական օգնություն ցույց տալ։ Իսկ ՀԱՊԿ-ից միայն 1,1 տոկոսն է ռազմական օգնություն սպասում, ՆԱՏՕ-ից՝ 0,5 տոկոսը, 6, 4 տոկոսի կարծիքով էլ ԱՄՆ-ն կարող է օգնել։