Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 20 մլն դոլար կտրամադրի Հայաստանում հեռահաղորդակցության որակը բարելավելու համար, այդ թվում՝ գյուղական վայրերում։ Այս մասին ասված է բանկի հաղորդագրության մեջ։
Միջոցները կուղղվեն «Տելեկոմ Արմենիա» ընկերությանը` գյուղական վայրերում ցանցն ընդլայնելու և ընկերության ընթացիկ պարտքը վերաֆինանսավորելու համար: Հատկացված միջոցները կլինեն ՄՖԿ-ի և «Ամերիաբանկի» կողմից տրամադրվող ընդհանուր 45 մլն վարկային գծի մի մասը:
«Տելեկոմ Արմենիա» իրականացնում է յոթամյա բազմամիլիոն դոլար արժողությամբ ծրագիր՝ ուղղված ամբողջ երկրում ֆիքսված և բջջային ցանցերի արդիականացմանը։ COVID-19 համաճարակը կարևորել է արագ և հուսալի ինտերնետ կապի անհրաժեշտությունը։
Ծրագիրն աջակցում է 4G բջջային ցանցի ընդլայնմանը և ժամանակակից օպտիկամանրաթելային կապի տեղակայմանը և նպատակ ունի բարելավել թվային հաղորդակցության որակը և ձեռնարկությունների մրցունակությունը ողջ Հայաստանում: