Երևանում հունիսի 3-5-ը գինու երեք օրերին եղել է 50-60 հազար այցելու, որոշակի հաշվարկներով օրական միևնույն տարածքով մինչև 25 հազար մարդ էր ներկա: Այս մասին Armenia Today-ին հայտնեցին փառատոնի կազմակերպիչները։
Ըստ տեղեկությունների՝ մասնակցության հայտերը մոտ 50-ն են եղել, սակայն մասնակցության բոլոր պայմանները ժամանակին ապահովել է մոտ 40 գինեգործական ընկերություն՝ ներկայացնելով ավելի քան 200 տեսակ գինի։
Մեր հարցին, թե եղե՞լ են արդյոք արցախցի գինեգործներ կամ արցախյան ընկերություններ, որոնք մասնակցել են փառատոնին, մամուլի պատասխանատուն հայտնում է․
«Այո, իհարկե, մասնակցել է 2 արցախյան գինեգործական ընկերություն՝ «Քիրս»-ը և «Տիրանի»-ն։ Մենք նույնիսկ պատրաստ էինք մեկ միասնական մեծ տաղավարով ներկայացնել արցախյան բոլոր փոքր գինեգործական ընկերությունները, սակայն լոգիստիկ պայմանների պատճառով չստացվեց իրականացնել դա։ Հուսով ենք՝ մյուս տարի ավելի շատ արցախյան գինիներ կունենանք»։
Փառատոնի կազմակերպիչները մեզ հայտնեցին նաև, որ մասնակիցներ են եղել գրեթե բոլոր մարզերից, որտեղ կան գինու գործարաններ՝ Տավուշի Իջևան քաղաքից, Վայոց ձորի Արենի գյուղից, Կոտայքի Պռոշյան գյուղից, Արմավիրի Բամբակաշատ գյուղից, Արարատի մարզից, Արցախից և այլն։
Հարցին, թե եղե՞լ են գինեգործներ, որոնք փառատոնի ընթացքում ծանոթացել են ներդրողների հետ և պայմանավորվածություններ ձեռք բերել, պատասխանեցին․
«Ըստ արձագանքների՝ կարող ենք ասել, որ գրեթե բոլոր մասնակից գինեգործները ունեցել են նոր ծանոթություններ՝ նոր շուկաներ արտահանելու միտումներով։ Բնականաբար, կլինեն նաև այլ համագործակցութուններ, քանի որ Երևանի գինու օրեր փառատոնը B2B և B2C հարաբերությունների լավագույն հարթակն է մասնակիցների համար։ Միջոցառումից հետո մասնակիցների հետ անց ենք կացնում հարցախույզ, որպեսզի ավելի հստակ ունենանք նման համագործակությունների և դրանց տված դրական արդյունքների պատկերը»։
Նշենք, որ այս տարի հունիսի 3-5-ը արդեն 6-րդ անգամ անցակցվեց Երևանի գինու օրեր փառատոնը, որի կազմակերպիչն է «ԷվենտՏուրա» ընկերությունը։ Փառատոնի գլխավոր հովանավորն էր ԱԿԲԱ բանկը, իսկ գլխավոր լոգիստիկ գործընկերն էր «ՀայՓոստը»։ Մասնակցել է մոտ 100 ընկերություն՝ գինեգործական, սնունդ ներկայացնող ընկերություններ և տարբեր ոլորտների բիզնես ներկայացուցիչներ՝ իրենց արտադրանքներով և ծառայություններով։ Այցելուների մի ստվար զանգված զբոսաշրջիկներն են եղել, որոնք հիմնականում նպատակաուղղված եկել են Հայասատան հենց Գինու օրերին մասնակցելու համար։
Միջոցառման տարածքում եղել է 2 բեմ, որոնք ապահովել են գինովցած այցելուների լավ տրամադրությունը։
Այս տարի ևս Թումանյան փողոցում եղել է գինեդասերի գոտի՝ հայտնի գինեգետներն ու սոմելյեները 3 օրում 9 դասընթաց են անցկացրել 3 լեզուներով։ Դասընթացը բարձրախոսներով հասանելի և լսելի են եղել նաև անցորդների համար։ Այցելուների մուտքն անվճար է եղել․ գոտու նպատակը մարդկանց գինին ու գինու մշակույթը հասկանալու հնարավորություն տալն է եղել։
«Կրթական մասը դրանով չէր ավարտվում, մենք անվճար տարածք էինք տրամադրել Հայաստանի գինու պատմության թանգարանին և հնագիտական գտածոներ Գետահովիտ-2 քարայրից կենտրոնին։ Նրանք նույնպես հանրությանը ցույց էին տալիս հայկական լեռնաշխարհի գինեգործության և խաղողագործության հազարամյա պատմությունը»,- նշում են կազմակերպիչները և հավելում, որ փառատոնի կարևոր և անբաժան մասն է կազմում բարեգործական գոտին, որտեղ արդեն 2-րդ տարին է՝ զինվորների առողջությամբ կամ կրթությամբ զբաղվող բարեգործական կազմակերպություններին տրամադրում են անվճար տաղավարներ հանգանակություններ ստանալու կամ իրենց գործունեությունը ներկայացնելու համար։