Թուրքական և ռուսական կողմերը քննարկել են «3+3» ձևաչափի հարցեր, իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում, Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցեր։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Ռուսական կողմը շարունակում է աջակցություն ցուցաբերել երկու գործընթացներին, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան»,- ասել է Չավուշօղլուն։
Լավրովն իր հերթին նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են, թե ինչպես շարունակել աշխատանքը Հարավային Կովկասում։
«Գիտեք, որ Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծվել է «3+3» ձևաչափը հարավկովկասյան երեք երկրների և նրանց հարևանների՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ։ Առաջին հանդիպումը մենք արդեն անցկացրել ենք Մոսկվայում, վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, բայց շեշտում ենք, որ միշտ ուրախ կլինենք տեսնել նրանց։ Հաջորդ հանդիպումը պատրաստվում է շատ մոտ ապագայում, և ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք այդ մասին հայտարարել»,- ասել է Սերգեյ Լավրովը։