Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա։ Ասվածի երկու փաստարկ կարող եմ բերել։ Անցած ամռանը տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ ՀՀ քաղաքացիները որոշակի հստակ պատասխաններ են տվել ու հանգուցալուծել են այն ժամանակ իսկապես առկա քաղաքական ճգնաժամը։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի լրագրողի հարցին՝ կապված ՀՀ-ում տեղի ունեցող հանրահավաքների հետ։
«Տեղի ունեցող հանրահավաքների բազմամարդությունը կամ սակավամարդությունը չի խոսում այն մասին, որ այդ հանրահավաքները ՀՀ քաղաքացիների կողմից աջակցություն ունեն։ Ամեն դեպքում, ինքս այդ հավաքների առումով ողջախոհության հետ կապված հարցեր եմ տեսնում։ Հանրահավաքներ կազմակերպող ուժերը խոսում են այն մասին, թե ՀՀ-ն ճիշտ քաղաքականություն չի իրականացնում ԼՂ-ի հարցում, Ադրբեջանի հետ բանակցություններում, ՀՀ և Թուրքիա հարաբերությունների հետ կապված հարցերում։ Այդուհանդերձ՝ իրենցից տարօրինակ կերպով չենք տեսել հայտարարություններ այն մասին, որ եթե մեր կառավարությունը հրաժարական տա ու իշխանությունն ինչ-որ կերպ փոխանցվի այդ ուժերին, նրանք, օրինակ, պատրաստվում են չեղարկել նոյեմբերի 9-ի և դրան հաջորդած եռակողմ հայտարարությունները, կամ պատրաստվում են դուրս գալ սահմանազատման գործընթացից։ Եթե նման մոտեցում լիներ՝ տրամաբանական կլիներ։ Որևէ խոսք չեմ լսել նշածս գործընթանցները կասեցնելու մասին և կարող եմ ասել, որ քննարվող թեմատիկան ոչ այդքան գեղեցիկ կերպով շահարկման առիթ է»,- ասել է Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։