Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 9-ին Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսին: Այս մասին հայտնում է ԱԺ-ն։
Նա բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և ԵԽԽՎ-ի առանցքային դերը և գործունեության արդյունավետ շարունակականությունը՝ որպես ժողովրդավարական անվտանգության հիմնասյուն, մարդու իրավունքների և օրենքի գերակայության երաշխավոր, իրական բազմակողմանիության և արդյունավետ երկխոսության հարթակ:
Կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում ԵԽԽՎ դերակատարությանը, մասնավորապես, Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքին վերաբերող հարցեր:
ՀՀ ԱԺ նախագահը ցավով փաստել է, որ 44-օրյա պատերազմից հետո կան բազմաթիվ չլուծված հարցեր, որոնցից ամենահրատապը հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման հարցն է:
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու այս փորձը հակասում է ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության հանձնառությանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին:
ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով` ԵԽԽՎ-ն պետք է հետամուտ լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ իր բանաձևին («Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan/Nagorno-Karabakh conflict», 2021 թ. սեպտեմբերի 27), որն անդրադառնում է հայ ռազմագերիների, Արցախի հումանիտար հասանելիության, հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին, սահմանների վրա իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումներին և բազմաթիվ այլ հրատապ հարցերին:
Նա ևս մեկ անգամ փաստել է Հայաստանի հանձնառությունը խաղաղության հաստատման և այդ ուղղությամբ իրական ջանքեր գործադրելու մասին, ինչը չի կարելի ասել ադրբեջանական իշխանությունների վերաբերյալ, որոնք մինչ օրս վարում են հայատյաց և Հայաստանի Հանրապետության դեմ ռազմատենչ քաղաքականություն: