Մենք դեռևս պատրաստ չենք անցնել անկանխիկ շրջանառության։ Իրականում պատրաստ լինելը երկու կարևոր կողմ ունի։ Առաջինն ազգաբնակչության եկամուտների կտրվածքով է։ Եկամուտները պետք է անհրաժեշտ մակարդակով բարձր լինեն, ըստ որի՝ կսահմանվի այն շեմը, որի պարագայում հնարավոր կլինի անկանխիկ շրջանառություն իրականացնել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով անկանխիկ գործառնությունների անցնելու ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը, այդ առումով ընդունված օրենսդրական փոփոխություններին։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը եկամուտների առումով այնքան փոքր հնարավորություններ ունի, որի պարագայում անկանխիկ շրջանառությունը պարզապես գլխացավանք է դառնում։ Իհարկե, ընդհանուր առմամբ, անկանխիկ շրջանառությունն ընդունված է շխարհում՝ հատկապես զարգացած երկրներում։ Այն վատ բան չէ։ Անկանխիկի դեպքում դրամական միջոցների ռացիոնալ օգտագործման հնարավորությունները կտրուկ մեծանում են, բայց դա միայն այն դեպքում, երբ քաղաքացիները անհրաժեշտ եկամուտների նվազագույն շեմ ունեն։ Մեզ մոտ այդ նվազագույն շեմը սարսափելի ցածր է, ինչի պարագայում անկանխիկ շրջանառությունը մի նոր լրացուցիչ բեռ է դառնալու քաղաքացիների ճնշող մեծամասնության համար»,- ասաց տնտեսագետը։
Նրա խոսքով՝ տեխնիկական տեսանյունից ևս խնդիրներ կան։ Տնտեսագետի դիտարկմամբ՝ անկանխիկին անցումը նոր՝ գրանցող, փոխանցող սարքավորումներ է պահանջում, որոնք ՀՀ-ում այս պահին չկան։
«Եթե այդ սարքավորումներն անգամ լինեն, միևնույն է, անհրաժեշտ է լինելու դրանք շահագործել, դրանց, այսպես ասած, վարժվել։ Ընդհանուր առմամբ, անկանխիկ գործառնությունների շուտափույթ անցնելը բացառապես բացասական հետևանքներ է թողնելու»,- ասաց նա։
Վարդան Բոստանջյանի դիտարկմամբ՝ համապատասխան գործիքակազմ չկա նաև անկախնիկ շրջանառությունը վերահսկելու համար։
«Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգը դեռևս զարգացած չէ։ Ֆինանսական ակտիվների 83 և ավելի տոկոսները գտնվում են միայն բանկային համակարգում։ Այսինքն՝ ՀՀ-ն դեռ չունի անհրաժեշտ ֆինանսական համակարգի բաղադրիչներ նաև անկանխիկ շրջանառության կազմակերպման կտրվածքով։ Մենք միայն այդ դեպքում կարող ենք առանց դժվարության անկանխիկ շրջանառություն իրականացնելու քայլեր անել։ Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ հատկապես գյուղական բնակավայրերում ոչ միայն տեխնիկական միջոցների բացակայության, այլև քաղաքացիների անփորձության խնդիր կա։ Սա ցածր եկամուտի պարագայում պարզապես ավելորդ բեռ ու դժվարություն է ենթադրում։ Կարծում եմ՝ այսպիսի «բարեփոխումը» այն «բարեփոխումներից» է, որոնք իրականացվել են անցած 4 տարիների ընթացքում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Հայաստանում հետզհետե անցում է կատարվում անկանխիկ վճարումների համակարգին։ Անկանխիկ գործառնությունների մասին օրենքում փոփոխություններ են արվել։ Մասնավորապես՝ հուլիսի 1-ից այլևս բնակարանների ու ավտոմեքենաների առուվաճառք կանխիկ դրամով հնարավոր չի լինելու իրականացնել։ Նշենք, որ անկանխիկի անցնելու գործընթացը փուլերով է։ 2022 թվականից սկսած ավելի քան 300 հազար դրամի գնումներն անկանխիկ են դառնալու։ Այնուհետ անկախ չափերից՝ անկանխիկ եղանակով են վճարվելու աշխատավարձերը, կրթաթոշակները, բժշկական ծառայությունների, ինչպես նաև ուսումնական վճարները բուհերում և մասնավոր դպրոցներում։ Կենսաթոշակները ևս անկախնիկ եղանակով՝ բանկային քարտերով են փոխանցվում։
Աննա Բադալյան