Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը չի նախատեսում Ղարաբաղի վերաբերյալ հարցերի քննարկում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստեղծված սահմանազատման հանձնաժողովների գործունեությունն ուղղված է երկու երկրների պետական սահմանի սահմանազատմանը, ինչպես և նախատեսվում էր ավելի վաղ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլաևան:
Այդ գործընթացը, նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում, հայ-ադրբեջանական պետական սահմանից դուրս չի նախատեսում որևէ հարցի քննարկում, այդ թվում՝ Արցախի տարածքում, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը:
Այսպես Աբդուլլաևան մեկնաբանել է Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Փառուխ գյուղի շուրջ իրավիճակը կքննարկվի հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի համատեքստում։