Մենք ունենալու ենք Գլխավոր շտաբի պետ, որը հանդիսանալու է նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ԳՇ-ն, որպես պետական ենթակա մարմին, շարունակելու է պահել իր կարգավիճակը։ «Շատ եմ լսել, որ մամուլում գրում են՝ ոնց կլինի, որ քաղաքական ղեկավարը՝ պաշտպանության նախարարը, ղեկավարի զինվորականին։ Այս պահին էլ ղեկավարում է, միշտ է ղեկավարել»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ որևէ խնդիր չի տեսնում այն բանի մեջ, որ քաղաքական ղեկավարը զինվորականին ղեկավարի․ առանց այդ էլ ԳՇ-ն ՊՆ-ին ենթակա կառույց է։
Սարգսյանը պարզաբանեց, որ սրանք իրական բարեփոխումներ են, զինվորականները պետք զբաղվեն բացառապես բանակի մարտունակության բարձրացման և զինվորական գործերով, այսինքն՝ գնումներից, տենդերներից զերծ են մնալու, չեն մասնակցելու գնման և այլ գործընթացների։ Հարցին, թե զինվորականը չպե՞տք է զենքի գնման գործընթացին մասնակցի, փոխնախարարը պատասխանեց, որ նրանք պահանջարկը կձևավորեն, բայց ֆինանսներից հեռու կլինեն։
Հարցին, թե Օնիկ Գասպարյանի նախադե՞պն է նոր օրենքի հիմքում, Սարգսյանը բացասական պարտասխանեց։
Նախարարը կունենա մեկ առաջին տեղակալ, որը շտաբի պետն է, պարզապես նա չի փոխարինելու նախարարին բացակայության ժամանակ։ Նախարարին կփոխարինի նրա քաղաքական տեղակալը։