ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հունիսի 14-19-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպի խոսնակի գրասենյակը՝ հստակեցնելով, որ այցի նպատակն է ընդգծելու ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարության և բարեկեցության հաստատման գործում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Դոնֆրիդը Հայաստանում կլինի հունիսի 18-ին, որտեղ կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց հետ:
«Պետքարտուղարի տեղակալը կհայտնի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքերին՝ հանուն տևական խաղաղության: Նա կընդգծի մեր ամուր համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա, ինչպես նաև մեր փոխադարձ հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Մինչ Հայաստան կատարելիք այցը՝ Դոնֆրիդը հունիսի 15-16-ը կլինի Ադրբեջանում, իսկ հունիսի 17-ին՝ Վրաստանում:
Բաքվում ամերիկացի պաշտոնյան կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի, բարձրաստիճան պաշտոնյաների, քաղհասարակության անդամների հետ, նա շնորհակալություն կհայտնի Ադրբեջանին Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար: