Հայաստանի ներդրումային պոտենցիալը հնարավոր է էականորեն մեծացնել, եթե մենք կարողանանք թվային օրակարգն այստեղ բերել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, Ռազմավարության և Ինովացիայի տնօրեն Էդգար Կարապետյանը, ով մասնակցում է «Business: Next station» միջոցառմանը։
Ըստ նրա՝ թվայնացումը հավասարապես կարևոր է և՛ բիզնես միջավայրի, և՛ պետական համակարգի համար։ «Այն սպառողների կարիքների համար առավել ուղղորդված պետք է լինի։ Այսինքն՝ բարելավման տեղ ունենք, եթե կարողանանք ճիշտ օգտագործել թվայնացման և IT-տեխնոլոգիաների ժամանակակից հնարավորությունները», – նշեց նա։
Կարապետյանը հայտնեց, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը հետևում է նոր պրոյեկտների առաջացմանը և մեծ հաճույքով հետևում է այն պրոյեկտներին, որոնք առնչվում են իր գործունեությանը։ «Մենք էլ ենք նայելու երիտասարդ կադրերին, մենք էլ ենք աջակցելու նրանց»,- նշեց նա։