Իրանի իշխանություններն ակտիվորեն մոտենում են միջուկային զենքի ստեղծմանը, ինչը պահանջում է Արևմուտքի ավելի կոշտ արձագանքը։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը բրիտանական The Sunday Telegraph թերթին տված հարցազրույցում։
«Իրանն ուրանը հարստացնում է աննախադեպ արագությամբ և չափազանց մոտ է միջուկային զենք ունենալուն: Առանց Արևմուտքի ճնշման Իրանի իսլամական ռեժիմը շուտով կարող է իր տրամադրության տակ միջուկային ռումբ ունենալ»,- կարծում է նա։
Իր հերթին պարբերականի աղբյուրները հայտնել են, որ Իսրայելը խնդրել է Մեծ Բրիտանիային դիտարկել Իրանի կողմից ատոմային զենքի մշակումը կանխելու համար հատուկ մեխանիզմի ստեղծման հնարավորությունը, որը ենթադրում է միջուկային ծրագրի շարունակման դեպքում Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների խստացում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակը» և Գերմանիան 2015 թվականին Իսլամական Հանրապետության հետ ստորագրել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ)՝ միջուկային մշակումների շուրջ ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ Վիեննայում բանակցություններ են վարում ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ՝ դրա սկզբնական տեսքով: