«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետի ավարտին դեռ երեք ամիս կա, սակայն քաղաքական իշխանություններն արդեն նրան փոխարինող են փնտրում: Բանն այն է, որ, ըստ «Դատախազության մասին» օրենքի 63-րդ հոդվածի, մոտ երեք ամսից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի լիազորությունները կդադարեն: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ազգային ժողովի որոշմամբ, պաշտոնի է նշանակվել 2016-ի սեպտեմբերի 15-ին: Ըստ նույն օրենքի՝ Արթուր Դավթյանը ևս մեկ անգամ կարող է առաջադրվել այդ պաշտոնում, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանություններն ավելի հակված են իշխող ՔՊ-ի կողմից խորհրդարանին այլ թեկածու առաջարկել: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ թեկնածուներից մեկն էլ ՔՊ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն է»:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայա» փառատոնի շրջանակներում մոտ օրերս Հայաստան կժամանեն եւ մենահամերգով հանդես կգան աշխարհահռչակ աստղեր։ Հունիսի 25-ին Երեւանում համերգ կտա աշխարհահռչակ ֆրանսիացի երգչուհի Զազը, հուլիսի 1-ին նախատեսված է ռեպեր 50Cent-ի համերգը։ «Հայա» փառատոնի, ինչպես նաեւ «Երեւանյան հեռանկարներ» նախագծի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սա դեռ ամենը չէ, այժմ բանակցում են այլ համաշխարհային աստղերի հետ ևս, որ նրանց էլ «բերեն» Հայաստան։ Օրինակ՝ Ջենիֆեր Լոպեսի, Էնրիկե Իգլեսիասի, ապագայում՝ նաեւ Շակիրայի հետ։ Այս պահին բանակցում են Լոպեսի եւ Իգլեսիասի հետ, աշնանը նրանց եւս կհյուրընկալեն Երեւանում»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս շաբաթ իր աշխատանքներն է ավարտում ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանն, ու խորհրդարանականները փաստացի մեկնում են «վաստակած հանգստի»։ Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, պատգամավորներն այսքան շուտ արձակուրդ չեն գնա։ Խորհրդարանի մեր աղբյուրը փոխանցում է, որ ԱԺ-ում առաջիկայում մի քանի արտահերթ նիստեր են պլանավորվում։ Դրանցից մեկը հավանաբար կկայանա արդեն եկող շաբաթ. նախատեսվում է արտահերթով խորհրդարան բերել «Պաշտպանության մասին» ու կից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որը մեկ շաբաթ առաջ հավանության արժանացավ կառավարության կողմից, և որով, ըստ իշխանությունների, «կարգավորվելու» է ԳՇ շուրջ ստեղծված թնջուկը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հրաժարվել է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, բայց չի բարձրաձայնում դրա պատճառների մասին։ Լուրեր կան, թե նա ժամանակին համաձայնել է մասնակցել քննիչ հանձնաժողովի միջոցով պատերազմում պարտության մեղքը Փաշինյանից մաքրելու սցենարին, մի պայմանով, որ ՊՆ-ում բարձր պաշտոն զբաղեցնի: Ինչ-որ պահի այս պայմանավորվածությունը խախտվել է, եւ նա հրաժարվել է մասնակցել նախկինների վրա պատերազմի մեղքը բարդելու գործին: Ըստ լուրերի՝ Բաբայանը հավակնում է ՊՆ ԳՇ պետի պաշտոնին, որը նոր օրենքով կստանա նախարարի առաջին տեղակալի կարգավիճակ: Հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու պատճառների մասին Բաբայանն ընդամենը կցկտուր ասել է, թե իբր խաղի կանոնները չեն պահպանվում, ժամանակը գա՝ կխոսի այդ մասին»:
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում։