Այսօր տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» փառատոնի մեկնարկին նվիրված առաջին մամուլի ասուլիսը: Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկաներին շնորհավորել է մշակութային կյանքի ամենանշանակալի իրադարձություններից մեկի բացման կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ «Ոսկե ծիրանը», անցած համավարակի և այլ սահմանափակումներն աստիճանաբար հաղթահարելով, կվերականգնի իր երբեմնի ծավալը, ինչի համար կան բոլոր նախադրյալները:
«Այս տարվա ընթացքում կարողացել ենք ապահովել մեր ներկայությունը միջազգային բարձրակարգ, ամենահեղինակավոր հարթակներում: Առհասարակ, միջազգային հարթակները, որոնք ձևավորվում են տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում, շատ կարևոր են, և պետք է ամեն ինչ անել դրանք պահպանելու համար: Դրանք մեր երկխոսության ուղիղ խողովակներն են աշխարհի և առաջատար միջազգային հանրության հետ»,- ասել է Արա Խզմալյանը:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ է հովանավորում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, և վստահություն է հայտնել, որ շատ լավ արդյունքներ են գրանցվելու:
«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կցուցադրվեն շուրջ 100 ֆիլմեր ամենատարբեր ծրագրերի ընթացքում։ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: Փառատոնը կունենա երեք մրցութային ծրագիր։
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ Նա երկու անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը։ 2012 թվականին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացել է «Օսկար» մրցանակի։
Փառատոնին Հատուկ մասնակցելու համար Հայաստան կժամանեն պատվավոր հյուրեր, մասնավորապես՝ իսպանացի կինոռեժիսոր, Լոկառնոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր Ալբերտ Սեռան, Եվրոպական կինոյի առաջատար պրոդյուսեր, 35-ից ավելի փառատոնների մրցանակակիր, Կաննի կրկնակի մրցանակակիր ֆիլմերի պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, DAU բազմապլատֆորմ մարդաբանական կինոնախագծի հեղինակ Իլյա Խրժանովսկին և այլք։ Փառատոնը հարգանքի տուրք կմատուցի անվանի կինոգործիչներ Յուրի Երզնկյանի, Լաերտ Վաղարշյանի, Ալեն Ռենեի, Պիեռ Պաոլո Պազոլինիի հոբելյաններին։
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը: Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։