ՌԴ Տուլայի մարզը կզարգացնի համագործակցությունը Հայաստանի հետ, հաղորդում է տարածաշրջանի կառավարության մամլո ծառայությունը:
Հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգի 25-րդ միջազգային տնտեսական համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր Տուլայի զարգացման և ձեռներեցության աջակցության տարածաշրջանային ընկերության գլխավոր տնօրեն Գրիգորի Լավրուխինի և Հայաստանի Հանրապետության ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Հովհաննիսյանի միջև: Նպատակն է ամրապնդել գործարար հարաբերությունները և զարգացնել փոխադարձ համագործակցությունը:
Ստորագրված փաստաթղթի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում և ՌԴ Տուլայի մարզում ներդրումային միջավայրի բարելավման նպատակով երկու կողմերի ներդրողներին կտրամադրվեն պատրաստի բիզնես-լուծումներ:
Հաղորդվում է, որ աջակցությունը տրամադրվելու է այն ներդրողներին, որոնք նախատեսում են աշխատել Հայաստանում և Տուլայի մարզում։