Պաշտոնական Ստեփանակերտն Արցախյան 44-օրյա պատերազմից անմիջապես հետո բացմիցս նշել է, որ Արցախի կարգավիճակի հարցը մեզ համար շատ սկզբունքային և կենսական հարց է։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Արցախցի պաշտոնյայի համոզմամբ՝ ԼՂՀ հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անսակարկելի, անվերապահ իրացման և ճանաչման միջոցով, որը նշանակում է՝ Արցախի կարգավիճակը պետք է որոշի բնիկ ժողովուրդը՝ հայերը։
«Մենք, իհարկե, որոշել ենք, բայց պատրաստ ենք հակամարտության կարգավորման նպատակով միջազգային գործընկերների հետ, նրանց միջնորդությամբ մինչև վերջ գնալ և հիմնախնդիրը խաղաղ միջոցներով կարգավորել։ Արցախի կարգավիճակը մեզ համար գերնպատակ է, որովհետև դա մեր մշտական երկարատև անվտանգության, մեր իրավունքների ապահովման գլխավոր երաշխիքն է։ Դա մեր ընտրած ճանապարհն է, մենք ենք ընտրում մեր ճանապարհը»,- ասաց պետական նախարարը՝ նշելով, որ արցախցիները երբեք չեն հրաժարվելու կարգավիճակի հարցից։
Արտակ Բեգլարյանը համոզված է՝ հայությունը ևս չի հրաժարվի Արցախի կարգավիճակի հարցից։
Նա նշեց Արցախի «կարմիր գծերը»՝ հայտարարելով, որ Արցախն Ադրբեջանի կազմում պարզապես չի կարող լինել։
Արցախի պետական նախարարը որոշակի մտահոգություններ ունի հայաստանյան պաշտոնյաների՝ Արցախի վերաբերյալ տարբեր հայտարարությունների մասով, բայց նշեց, որ միջազգային իրավունքում ժողովուրդների ինքնորոշման և երկրների տարածքային ամբողջականության սկզբունքն իրար չեն հակասում։
«Արցախը 1991 թվականին իրացրել է իր ինքնորոշման իրավունքը՝ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միությունից, որի կազմում էր նաև Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունը։ Դա չի նշանակում, որ մենք Ադրբեջանից ենք ինքնորոշվել, մենք ինքնորոշվել ենք ԽՍՀՄ-ից։ Իսկ հիմա էլ նույնիսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը միջազգային հանրության կամ Հայաստանի կողմից, չպետք է նշանակի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի որևէ սահմանափակում»,- նկատեց պետական նախարարը։
Բեգլարյանը կրկին շեշտեց, որ Արցախի անվտանգությունն ու ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրենց համար շատ կարևոր են, բայց հենց անվտանգությունից և իրավունքից էլ բխում է կարգավիճակի հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում։