Մտահոգություն կա։ Գիտեք, որ դատախազությունն ուսումնասիրում է ձայնագրությունը։ Պետք է սպասենք այդ ուսումնասիրության ավարտին։ Քաղաքական գնահատական ևս կհնչի, երբ մենք կտեղեկանանք դատախազության մանրամասներն՝ վարույթի արդյունքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երեկ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված աղմկահարույց ձայնագրությանը։
Լրագրողները հիշեցրին, որ ըստ ձայնագրության՝ Ջհանգիրյանն ասում է՝ «կարող է գործեր բացել և փակել»։ Հարցին՝ ինչո՞ւ են հեռախոսային արդարարդատության դեմ պայքարող իշխանության օրոք նման դեպքեր տեղի ունենում, նա արձագանքեց․ «Մենք եկել ենք ՀՀ-ում արդարադատությունն ու արդարությունը վերականգնելու համար ու գնում ենք այդ ճանապարհով, հետ չենք կանգնելու այդ ճանապարհից»։
Հովհաննիսյանը հստակ պատասխան չտվեց Ջհանգիրյանի հնարավոր հրաժարականի վերաբերյալ հարցին։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը լրագրողների հետ հանդիպմանը բացառիկ ձայնագրություն էր հրապարակել իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։