Շաբաթ գիշերը Օսլոյում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել: Ճշտված տվյալներով՝ տուժել է 21 մարդ, նրանցից 11-ը թեթև վնասվածքներ են ստացել, երեքը գտնվում են ծանր վիճակում:
Օսլոյում հրաձգության գործով կասկածյալը իրանական ծագում ունեցող Նորվեգիայի քաղաքացի է, Ria.ru-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Քրիստիան Հաթլոն:
«Կասկածյալը իրանական ծագում ունեցող Նորվեգիայի քաղաքացի է։ Նրան մեղադրում են սպանության, մահափորձի և ահաբեկչության կազմակերպման մեջ»,- ասել է նա։
Ոստիկանության ներկայացուցիչն ընդգծել է, որ դրանք նախնական մեղադրանքներ են, քննության ընթացքում դրանք կարող են փոխվել: Բացի այդ, ենթադրվում է, որ կրակողը միայնակ է գործել։
«Հիմքեր կան ենթադրելու, որ խոսքը ատելության հողի վրա կատարված հանցագործությունների մասին է։ Սա հիպոթեզներից մեկն է»,- հավելել է Հաթլոն։
Հայտնի է նաև, որ կասկածյալը 42 տարեկան է, նա ավելի վաղ հայտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում: Ոստիկանությունը տղամարդու մոտից առգրավել է ինքնաձիգ և ատրճանակ։